Նոյեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ-ն հրավիրել էր իր նախընտրական՝ 16-րդ համագումարը, որի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Նշելով, որ ՀՀ քաղաքական համակարգում ՀՀԿ-ն ոչ միայն ղեկավարող ու կառավարող դիրքում է, այլև վստահորեն առաջնորդում է հասարակական-քաղաքական կյանքը, նախանշում զարգացման ծրագրերը, նա արձանագրեց, որ հասարակական-պետական կյանքում տեղի են ունենում զարգացումներ, հասարակության համար ստեղծվում են հնարավորություններ՝ կերտելու նոր իրավիճակներ ու նոր հորիզոններ: «ՀՀԿ և ՀՀ նախագահի քաղաքական մտածողության առաջադեմ ծրագրերի արգասիքն է կառավարման առավել ժողովրդավարական՝ խորհրդարանական համակարգի անցնելու հասարակական -քաղաքական գործընթացը: Վստահ եմ՝ բոլորիս ջանքերի և համատեղ աշխատանքի շնորհիվ, այս քաղաքական ծրագիրը կիրագործվի հաջողությամբ, և մենք կունենանք հասարակական -պետական նոր, առավել արդիական կառավարման համակարգ»՝ նշեց ԱԺ փոխնախագահը:
Նրա գնահատականով՝ քաղաքական գործընթացների, հասարակական զարգացումների և բարեփոխումների մեջ խիստ կարևորվում է ՀՀԿ առաջնորդող դերը որպես շարունակական արդիականացման, պետության ներկայի և ապագայի պատասխանատվություն ստանձնած ուժի: ՀՀԿ-ն հանդես է գալիս 21-րդ դարի քաղաքական բնութագրիչներին համապատասխան և իրականացնում պետականամետ և ազգային արժեքների գերակայության վրա հիմնված քաղաքականություն:
«Մենք այսօր ևս մեկ անգամ փաստում և հավաստիացնում ենք մեր ժողովրդին ու քաղաքական բոլոր ուժերին, որ ինստիտուցիոնալ բարեփոխումները նպաստում են քաղաքական համակարգի լիարժեք կայացմանը, հասարակական կայունության ապահովմանը, ժողովրդավարական արժեքների, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը:
Դասականորեն ՝ կուսակցությունները գաղափարներով միավորված մարդկանց խմբեր են, որոնց վերջնական նպատակն է օրինական ճանապարհով իշխանության հասնելը իրենց դավանած գաղափարների իրագործման համար: Նոր Սահմանադրությունը և հասարակական նոր զարգացումները ավելի մեծ հնարավորություն են ստեղծում գործող կուսակցությունների ամրապնդման և նորաստեղծ կուսակցությունների կայացման համար»՝ ասաց Հերմինե Նաղդալյանը և հավաստիացրեց՝ «հանրապետականներս հավատում ենք, որ նրանք գալիք ընտրություններում կներկայացնեն հասարակության լայն շրջանակների, մարդկանց առանձին խմբերի շահերն ու նպատակները և կլինեն մեր արժանի մրցակիցները քաղաքական պայքարում՝ հանուն մեր պետության զարգացման և ժողովրդի բարօրության»:
ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահը համագումարի բարձր ամբիոնից անդրադարձավ ՀՀԿ-ում իրենց առանձնահատուկ տեղն ու դերը ունեցող կանանց գործունեությանը և հիշեցրեց վերջերս տեղի ունեցած կուսակցության կանանց խորհրդի համաժողովը, որի ժամանակ բազմակողմանի ներկայացվեց հանրապետական կանանց գործունեությունը՝ միտված ՀՀ սոցիալական, գիտակրթական, հոգևոր -մշակութային, հասարակական-քաղաքական ոլորտներում իշխանության և կուսակցության վարած քաղաքականությանը ակտիվ օժանդակելուն: «Մեր կուսակցության կանանց գործունեությունը նպաստում է սոցիալական արդարության արմատավորմանը, գոյություն ունեցող բազմաթիվ՝ մարդկանց կյանքը դժվարացնող և դառնացնող, խնդիրների լուծմանը, հասարակական բևեռացման կրճատմանը, հոգևոր մշակութային և ազգային ոլորտների շարունակական զարգացմանը: Նոր քաղաքական իրավիճակը նոր հնարավորություններ է ընձեռել կուսակցությունում և հասարակության մեջ կանանց գործունեության համար: Կանանց դերակատարումը նոր ավելի բարձր աստիճանի հասցնելու համար, նրանց ներգրավվածության, քաղաքական մասնակցության պաշտպանվածության նպատակով նոր Սահմանադրությամբ և նոր Ընտրական օրենսգրքով ապահովված են անհրաժեշտ իրավական - քաղաքական պայմանները: Հասարակական -քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության այս նոր մակարդակի իրավական ապահովումը նույնպես արդյունք է ղեկավար քաղաքական ուժ հանդիսացող մեր կուսակցության նպատակային և հետևողական քաղաքականության»՝ նշեց Հերմինե Նաղդալյանը և մեջբերեց խորհրդի համաժողովի ժամանակ ՀՀ նախագահի խոսքերը.
«Այսօր երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում: Առջևում նոր, մեծ և կարևոր փոփոխություններ են: Փոփոխությունները լինելու են լայնածավալ և համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասել տան: Ավելին, դրանք պետք է լինեն զգալի և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում: Նմանօրինակ ընդգրկուն և համապարփակ բարեփոխումները կարող են իրագործվել միայն և միայն հանրության լայն ու զանգվածային աջակցության պարագայում: Այստեղ խիստ կարևոր է լինելու կանանց ակտիվ ներգրավումը և մասնակցությունը»:
ՀՀԿ անդամ 80 հազար կանանց անունից ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահը հավաստիացրեց. «Մենք կարևորում ենք քաղաքական վստահության այս բարձր աստիճանը և հավաստիացնում, որ մեր ամբողջ ուժերը կներդնենք հանուն մեր կուսակցության ծրագրերի և նպատակների իրագործման»: Նա արձանագրեց, որ կուսակցության անդամ կանայք իրական դերակատարում ունեն պետականաշինության, ազգային անվտանգության ամրապնդման և հասարակական կյանքի զարգացման գործընթացներում և շարունակելու են նպաստել պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, պետական ծառայության համակարգը բարձրորակ կադրերով համալրմանը, պետության պաշտպանական ներուժի հզորացմանը, համազգային պայքարի ու հաղթանակի կերտմանը:
Հերմինե Նաղդալյանն անդրադառնալով քառօրյա պատերազմին՝ նշեց, որ ապրիլյան ծանր օրերը ցույց տվեցին՝ պետությունն ու ազգը ունեն միասնականության ու պայքարի հզոր ներուժ՝ ազգային խնդիրների լուծման ու հայրենիքի պաշտպանության գործում:
«Մենք հպարտանում ենք մեր ազգային միասնությամբ և մեր հերոսներով:
Մենք գիտակցում ենք այս հզոր ու գաղափարական կուսակցության մասը լինելու ողջ կարևորությունը և պատասխանատվությունը: Մենք գիտակցում ենք նաև, որ գալիք քաղաքական զարգացումները հրամայաբար պահանջում են ուժերի, իմացության, կարողությունների և նվիրվածության անմնացորդ ներդրում հանուն մեր երկրի ապագայի: Ձեր առաջնորդությամբ, պարոն նախագահ, մենք պատրաստ ենք գալիք քաղաքական ու գաղափարական մրցապայքարին ու վստահ եմ, որ մենք կհաղթենք: Ինչպես մեր բանաձևում է՝ կհաղթեն հայն ու Հայաստանը»՝ հավարտ ելույթի ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: